Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ըստ կոմիտեի, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 9 անձի:
Քննչական կոմիտեն նշում է, որ «նախնական քննության տվյալներով՝ 2016-ի հունիսի 24-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, հյուրանոցառեստորանային համալիրից ստացված ահազանգն ստուգելու նպատակով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խ.Պետրոսյանը, նույն բաժնի ՔՀԲ պետի տեղակալ Հ.Աղաբեկյանի և նույն բաժնի ՀՈԲ տեսուչ Տ.Դանիելյանի հետ, ով եղել է ծառայողական համազգեստով, մեկնել են հյուրանոցառեստորանային համալիր։ Ճանապարհին՝ Ղարսի խճուղում գտնվող «Ղարս» խանութի դիմաց, նկատել են «Մերսեդես» մակնիշի և «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց բաց պատուհաններից կիսով չափ մարմնով դուրս եկած երիտասարդները, ավտոմեքենաների բարձր երաժշտությունը միացրած, բղավել, հայհոյել և անընդմեջ տվել են ձայնային ազդանշաններ»:
«Նշված ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներին կարգի հրավիրելու, հասարակական կարգը պահպանելու նպատակով ոստիկանության ծառայողները կանգնեցրել են ավտոմեքենաները և ներկայանալով՝ փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նշված ավտոմեքենաների ուղևորները, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դուրս են եկել ավտոմեքենաներից և չենթարկվելով հասարակական կարգի խախտումը դադարեցնելու օրինական պահանջին՝ բռնություն են գործադրել և ծեծի ենթարկել իշխանության ներկայացուցիչներին», - ասված է հաղորդագրությունում:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենաների ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուս 8 ուղևորին՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։