Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց խնդիրներին վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը` ուղղված սահմանամերձ համայնքներում բնակչության կեցության և անվտանգության ապահովման բարձրացմանը:
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության առավել խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: