Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏO-ի արձագանքը Պենտագոնի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծմանը համեմատել է չինական տիկնիկների հետ: «Ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի դաշնակիցները: Բոլորը համաձայնում են, ինչպես չինական տիկնիկները՝ առանց վերլուծելու, թե ինչ է տեղի ունենում», - հայտարարել է Պուտինը «Միր» միջպետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չկան: «Իսկ միջազգային իրավունքի խախտում կա: Դա ակնհայտ փաստ է. առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիաների հարվածներ են հասցվում ինքնիշխան պետությանը», - ասել է Պուտինը՝ կարծիք հայտնելով, թե Սիրիայում խաղաղ բնակիչների թունավորման հիմնական վարկածը ստորգետնյա զինապահեստի պայթյունն է, որում էլ քիմիական ռումբեր էին պահվում:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցածը կարող էր նաև «պարզապես բեմադրություն» լինել, «այսինքն՝ սադրանք»․ - «Այդ ամենը հատուկ արվել էր, որպեսզի աղմուկ բարձրացվի և նախադրյալներ ստեղծվեն, առիթ՝ սիրիական օրինական իշխանությունների վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու նպատակով»:
Անուղղակիորեն անդրադառնալով Արևմուտքից հնչող կոչերին, թե Ռուսաստանը պետք է երես թեքի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախ պետք է հետաքննել ապրիլի 4-ին Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները, և մինչև Ռուսաստանը չստանա արդյունքները՝ որևէ քայլ չի ձեռնարկի Դամասկոսի դեմ:
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկելու է Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառմանն ուղղված անկախ հետաքննության մասին բանաձևը: Նախագիծը նաև պահանջում է Սիրիայի կառավարությունից տեղեկատվություն տրամադրել «Շայրաթ» ավիաբազիայի բոլոր թռիչքների մասին: Ըստ Միացյալ Նահանգների՝ ապրիլի 4-ին դեպի Իդլիբ հենց «Շայրաթ»-ից է թռիչք իրականացվել: Համագործակցելուց հրաժարվելու դեպքում ՄԱԿ-ը սպառնում է պատժամիջոցներ սահմանել:
Բանաձևի նախագիծը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, այն վերամշակվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Չինաստանի դիտողությունները: Այդուհանդերձ, սպասվում է, որ Ռուսաստանը վետո կդնի բանաձևի վրա:
«Միր»-ին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը, ըստ հեռուստաընկերության, եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան, Ռուսաստանի նախագահը Սիրիայից բացի խոսել է նաև մյուս դաշնակից երկրների մասին, մասնավորապես՝ կոչ է արել թույլ չտալ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ մյուս հինգ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Տաջիկստանում, «գունավոր հեղափոխություն»:
«Մենք բազմաթիվ տեսություններ գիտենք, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում՝ հանգեցնելով լուրջ ապակայունացման: Բնականաբար, մենք նման բան չպետք է թույլ տանք », - ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանում հնարավորինս փորձելու են աջակցել ՀԱՊԿ գործընկերներին: