Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկած քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։ Մեկ անձ ձերբակալվել է:

«2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին։ Վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ պարզվել է։ Կինը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները͵ կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով այլ մանրամասներ͵ այդ թվում՝ տուժողի և կասկածյալի անհատական տվյալները հրապարակման ենթակա չեն»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG