Մատչելիության հղումներ

Ըստ ՀՀԿ խոսնակի, սա լեգիտիմ ընտրություն է։

Ըստ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, 5-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ ժողովուրդն ընտրություններից հետո փողոց դուրս չի եկել։

Շարմազանովի խոսքով՝ սա նշանակում է, որ ժողովուրդն ընդունում է ընտրությունների արդյունքները։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք գնահատում, ընդունո՞ւմ եք, որ իսկապես այս ընտրություններում ընտրակաշառքը լուրջ ազդեցություն է ունեցել արդյունքների վրա։

Շարմազանով. - Նախ ամենակարևորը՝ բոլորի մեսիջներում, բոլորի հայտարարություններում՝ թե՛ Միացյալ Նահանգների հարգելի դեսպանի, թե՛ եվրոպացի մեր գործընկերների, բոլոր խաղացողները, հստակ նշել են, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս այն պատկերը, ինչ քվեարկել է ընտրողը։ Այսինքն՝ ընտրողի ձայնը չի կորել։ Ընտրությունների արդյունքները դրանք եղել են այն ազատ կամարտահայտությունը, որը կա։ Այսինքն՝ ֆիքսում ենք՝ ա) ընտրությունների արդյունքները որևէ մեկի մոտ հարցական չի առաջացնում, բ) եղե՞լ են խնդիրներ՝ իհարկե եղել են։

«Ազատություն». - Ընտրակաշառք եղե՞լ է, պարոն Շարմազանով։

Շարմազանով. - Ես չեմ կարող բացառել, եթե բոլորը խոսում են դրա մասին, ես լուսնից չեմ իջել, ես բարոյական մարդ չեմ լինի, եթե ասեմ՝ «իհարկե, ոչ մի բան չի եղել», եթե բոլորը խոսում են, ուրեմն՝ դա ուրվական չէ, ինչ-որ իրական բան կա։

«Ազատություն». - Այդ դեպքում ո՞ւր են քրեական գործերը։

Շարմազանով. - Ավարտեմ, հա՞՝ չեմ կարծում, որ դա ունեցել է որևէ էական նշանակություն։ Պարզապես, ինչպես մեր հարգելի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց հենց ընտրության օրը, ընտրակաշառքը, ոչ թե գնահատելն, այլ հայտնաբերելն ինքը շատ բարդ է, որպեսզի դու ընտրակաշառք որակես որևէ արարք, դու պետք է ունենաս բողոք-դիմում քաղաքացուց, որը վերցրել է այդ կաշառքը։

«Ազատություն». - Բայց, եթե, ինչպես նաև Դուք եք նշում, բոլորն այդ մասին խոսում են, այդ ընտրակաշառքը հնարավոր չէ այդպես անձայն բաժանել, եթե մարդիկ ահազանգում են, որ շենքերի մոտ, կամ շտաբերի մոտ նման երևույթներ են նկատում, չի՞ ստացվում, որ ոստիկանությունը աչք է փակում այդ ամենի առաջ։

Շարմազանով. - Ոչ։

«Ազատություն». - Ունենալով իշխանության հրահանգը՝ ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ։

Շարմազանով. - Ոչ, ոչ, բոլոր խախտումները, նույնիսկ բոլոր ահազանգերը, որոնք օրվա ընթացքում՝ ընտրության օրվա ընթացքում, եղել են, եթե գումարենք և դիցուք համարենք, որ իրականություն է, նրանք որևէ էական նշանակություն ընտրությունների արդյունքների վրա չեն թողնում։ Երկրորդը՝ այդ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ճնշող մեծամասնությունը եղել են կեղծ ահազանգեր, սա էլ ենք ֆիքսում։ Երրորդ՝ ժողովուրդը վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ փողոց դուրս չի եկել, սա նշանակում է, որ ժողովուրդն ինքը՝ հանրությունը ընդունում է արդյունքները, սա լեգիտիմ ընտրություն է, սա է ամենակարևորը։

«Ազատություն». - Ընտրակաշառք բաժանողը իշխանության ներկայացուցիչնե՞րը չեն եղել։

Շարմազանով. - Չեմ կարող ասել։ Նախ մենք չգիտենք անուն-ազգանունով, թե ով է բաժանել ընտրակաշառք։ Լսելով համեմատենք՝ փորք է մեր երկիրը, եթե ասենք՝ ամեն մեկիս ականջն ինչ է լսել, ապա իմ ականջն ավելի շատ այլ բան է լսել, Ձերն էլ, համոզված եմ, նույնպես։ Իսկ ով է ասել, որ կեղծ խոստում տալը ընտրակաշառք չէ, ով կանգնել և ժողովրդին խաբել և ասել՝ «եթե ես գամ իշխանության, տասը անգամ թոշակ եմ բարձրացնելու, էս եմ անելու...» ինչո՞ւ դա ընտրակաշառք չէ՞, ընտրակաշառքը միայն այն քեշ փողը չէ, որ դու պետք է տաս, իսկ այդ կեղծ բացահայտ խոստումներ տվողները հիմնականում ոչ իշխանության ներկայացուցիչներ են։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, դուք համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ առանց ձեր ռեյտինգային թեկնածուների իշխող Հանրապետականը գուցե նաև այսօր չունենար այն պատկերը, որ արձանագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Շարմազանով. - Այդ ռեյտինգային թեկնածուները Հանրապետական կուսակցության անդամներ են։

«Ազատություն». - Ձեր երեք թեկնածուները՝ Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը և Արայիկ Գրիգորյանը միասին մոտավորապես 150 հազար ձայն են ապահովել, միայն այս երեք հոգով։

Շարմազանով. - Այո, բայց նրանք ընտրել են Հանրապետական կուսակցությունը, բայց Ձեզ ինչո՞ւ է թվում, որ եթե նրանք լինեին այլ կուսակցությունում, այդքան ձայն կհավաքեին։

«Ազատություն». - Այս մարդիկ, առանց իրենց վարչական այդ ռեսուրսների, առանց ֆինանսական ռեսուրսների կկարողանայի՞ն ձեզ համար այդքան ձայն ապահովել;

Շարմազանով. - Նրան, նախևառաջ, այդքան ձայն հավաքել են, որովհետև նրանք ճիշտ կուսակցության համամասնական ցուցակում են, երկրորդը՝ նրանք երեքն էլ ունեցել են լուրջ ծառայություններ՝ յուրաքանչյուրն իր օկրուգում, հանրությունն ընտրել է կոնկրետ գործը, այլ ոչ թե՝ օդում խոսքը։

«Ազատություն». - Նկատի ունեմ, որ նրանք առանց իրենց ֆինանսների, ունեցած ռեսուրսների կկարողանայի՞ն այդքան ձայն ապահովել ձեզ համար։

Շարմազանով. - Դուք ինձ հարցեր եք տալիս, որի հասցեատերը ես չեմ։

«Ազատություն». - Ի դեպ, այն պատգամավորների, ում չհաջողվեց ընտրվել, այս նոր խորհրդարանում, այդ թվում՝ նաև Առաքել Մովսիսյանի ճակատագիրն ինչպե՞ս է լինելու։

Շարմազանով. - Հանրապետականը մեկ ընտանիք է, մեկ միասնական ընտանիք է, որտեղ ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը մանդատով չի որոշվում։ Առաքել Մովսիսյանը մեր եղբայրն է, մեր ընկերն է, մեր կուսակցական ընկերն է, ազգային ազատամարտի հերոսներից մեկն է, և մենք հպարտ ենք, որ ինքը մեր կուսակցության անդամ է և հպարտ ենք բոլոր այն դերակատարներով, ովքեր որ ձայն են ապահովել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր որ ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության թե՛ համապետական, թե՛ ռեյտինգային ցուցակներում և իրենց նպաստն են բերել Հանրապետականի հաջողությանը։ Մենք մի ընտանիք ենք, մի միասնական բարեկամական ընտանիք ենք, որ ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG