Մատչելիության հղումներ

Ուսումնասիրված 221 հաղորդումից 54-ը առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դատախազության աշխատանքային խումբը մարտի 31-ի դրությամբ արդեն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 54-ը:

«Այդ 54 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ: Դատախազների կողմից հետևողականորեն հսկողություն է իրականացվում այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման նկատմամբ, ապահովվում է դրանցով անհրաժեշտ գործողությունների իրականացումը», - հայտնում է դատախազությունը՝ նշելով, որ հրապարակումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ են ուղարկվել տեղեկատվությունը հանրայնացնող սուբյեկտներին:

«Պարտադիր կերպով բացատրություններ են վերցվել բոլոր այն անձանցից, ովքեր, ըստ հրապարակման բովանդակության, կարող են տեղեկություններ ունենալ ստուգվող դեպքի վերաբերյալ: Միաժամանակ բոլոր դեպքերով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ դատախազության, վերը նշված 54 հաղորդումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:

Գլխավոր դատախազությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ գրանցված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններին, ընտրական իրավախախտումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկատվությունը հայտնել Գլխավոր դատախազություն՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Գլխավոր դատախազությունում գործում է թեժ գիծ՝ 511-603 հեռախոսահամարով, որը քվեարկության օրը գործելու է շուրջօրյա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG