Մատչելիության հղումներ

Թաթոյանն առաջարկում է սեղմ ժամկետում կազմակերպել «Շիրխանյանին ցուցված բժշկական հետազոտությունները»


Վահան Շիրխանյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է արդարադատության նախարարություն` Վահան Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտությունները հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար։

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքների խախտում արձանագրելուց հետո նրա առողջական վիճակի դինամիկան ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար, այդ թվում՝ բժիշկը, այցելել են Վահան Շիրխանյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար ՎահանՇիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ ավելի քան մեկ տարի կալանավայրում գտնվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբանները բազմիցս ահազանգել են Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին։

Վահան Շիրխանյանն անցնում է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով։ Ըստ ԱԱԾ-ի, նա ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Շիրխանյանին սպառնում է 6-10 տարվա ազատազրկում։

Ըստ ԱԱԾ-ի, Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր խումբը նպատակ է ունեցել բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը յուրացնել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG