Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը պարտավոր է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Շարմազանով


ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանը դիմեց զինված արկածախնդրության` խախտելով 1994 թվականի հրադադարը, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նման վարքագիծն անթույլատրելի և դատապարտելի է, հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ երեկ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ։

«ՀԱՊԿ-ը պաշտոնապես դատապարտել է դեկտեմբերյան այդ դիվերսիան՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «սադրանք»: Հարկ եմ համարում նշել, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մեր ռուս խորհրդարանական գործընկերների հայտարարություններից, ՀԱՊԿ մյուս դաշնակիցները զերծ մնացին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններից: Ադրբեջանի նման վարքագիծը սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի հանդեպ: Ուստի, ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն առավել քան անհրաժեշտություն են», - ասել է Շարմազանովը։

Խորհրդարանական հայաստանյան պատվիրակությունը, Շարմազանովի խոսքով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:

«Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը նախևառաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Հուսով եմ՝ միջազգային հարթակներում համախմբված աշխատելու և միմյանց աջակցելու դեպքում մենք կարող ենք մեր դրական ներդրումն ունենալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության հաստատման և ամրապնդման գործում», - իր ելույթում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG