Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին, հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը:

Զորավարժությունների ավարտին Սերժ Սարգսյանը խրախուսական նվերներ է հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած սպաներին ու ժամկետային զինծառայողներին և զորքի առջև հանդես է եկել ելույթով:

«Շնորհավորում եմ բոլորիդ ուսումնամարտական խնդիրը բարեհաջող կատարելու կապակցությամբ: Կեցցե՛ք դուք: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում մշտապես դժվարություններ է ունեցել՝ նրա անվտանգությունն ապահովված չի եղել, և այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք ձեզ հետ միասին, որպեսզի որևէ մեկը չփորձի խաթարել այդ անվտանգությունը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Վերջին քսանհինգ տարիների ընթացքում ձևավորվեց և ամրացավ հայկական բանակը: Մենք զինված ուժերը ձևավորում էինք մարտական գործողություններին զուգահեռ, բայց դրա հետ միասին ամեն օր փորձում էինք նոր հմտություններ ձեռք բերել, փորձում էինք ավելի կարգապահ լինել, հակառակորդին ավելի ծանր հարվածներ հասցնել: Նույնը պետք է անենք հիմա: Չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, մենք պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետև սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին», - ընդգծել է նա:

«Ես վստահ եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք ամեն օր ավելի եք ամրանում, ավելի մարտունակ եք դառնում, որովհետև եթե դա չլինի՝ վտանգը, անպայման, դառնալու է իրականություն, վտանգը դառնալու է կոնֆլիկտ, վտանգը դառնալու է պատերազմ, իսկ այստեղ՝ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Շնորհակալ եմ ձեր ծնողներին՝ ձեր դաստիարակության համար, շնորհակալ եմ ձեր ուսուցիչներին՝ ձեզ կրթելու համար, և իհարկե, շնորհակալ եմ ձեզ, որ դուք կարողանում եք անել գրեթե անհնարինը: Վստա՛հ եղեք՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, կառավարությունը շարունակելու է մշտապես իր թիվ մեկ խնդիրը համարել մեր զինված ուժերի սպառազինությունը, մեր զինված ուժերի ապահովումը, և դուք էլ, ձեր հերթին պետք է ամենօրյա ծառայությամբ վստահեցնեք մեր ժողովրդին, որ պատրաստ եք անառիկ պահելու այս սահմանները: Կեցցե՛ք: Շնորհակալ եմ», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանն այսօր նաև Բակո Սահակյանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը:

Համերգային ծրագրի ավարտին նախագահը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով՝ Մարտական ծառայության մեդալով, պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում երկու կամ ավելի զինծառայողներ մեծ նվիրումով իրենց պարտքն են կատարում հայոց բանակում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG