Մատչելիության հղումներ

Երևանում նոր ՋԷԿ կկառուցվի․ ՀՀ նախագահի ներկայությամբ կայացել է հիմնարկեքը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, կայացել է նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն, «Արմփաուեր» ընկերության նախագահ Ջովաննի Ռուբինին, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:

«Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը), պատասխանատուների և մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար:

Նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության շրջանակում նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրել են կառուցվող ՋԷԿ-ի հիմքում:

Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250ՄՎտ հզորությամբ և մինչև 53 տոկոս ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում: Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն դոլար: Շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին: Միայն շինարարության ընթացքում կստեղծվի 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` շուրջ 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման և տեխսպասարկման գործունեության տևողությունը 20 տարի է:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ 2019-ին կավարտվեն Հայաստան-Իրան 400 կՎ երկշղթա երրորդ և Հայաստան-Վրաստան 400 կՎ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները, և նկատի առնելով, որ նույն տարում ծրագրվում է ավարտել նաև այս նոր էներգաբլոկի շինարարությունը, այն հնարավորություն կտա Հայաստանին ապահովել հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անխափանությունը և դառնալ տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի կարևոր մասնակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG