Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիան» մեղադրվում է 1 միլիարդ 486 միլիոն դրամ յուրացնելու մեջ, հարուցվել է քրգործ


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015 թվականի համեմատ՝ 2016 թվականի ընթացքում և 2017-ի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը:

«Եթե 2015 թվականին ստացվել է 1080 փաստաթուղթ, ապա 2016-ին՝ արդեն շուրջ 2000», - ըստ ՊԵԿ հաղորդագրության, ասել է իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

Վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ:

Սամվել Սինանյանի խոսքով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ընկերությունը 2014-ից 2016 թվականների ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախտելով կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն դրամ:

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG