Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունից օրերս հեռացած Զարուհի Փոստանջյանը մի խումբ համակիրների հետ նախաձեռնում է նոր քաղաքական պլատֆորմ՝ հետագայում կուսակցություն ստեղծելու նպատակով:

«Քսանհինգ տարիների ընթացքում շուրջ մեկ միլիոն, եթե ոչ ավելի մարդ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել է: Եվ նրանք այսօր, լինելով օտար երկրներում, ունենալով երկքաղաքացիություն, նաև չունենալով երկքաղաքացիություն՝ ունենալով միայն ՀՀ քաղաքացիություն, այնտեղ նաև կազմել են ընտանիքներ, բնակվում են, ստեղծում են կարողություններ, բայց հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի կյանքին: Ընտրելու և ընտրվելու իրավունքի մատչելիությունը պետք է նրանց տրամադրվի: Եվ պարտադիր է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին»:

Նրա համոզմամբ՝ հայաստանցիների կեսը ճնշվում է իրենց գործատուների կողմից, իսկ սփյուռքահայերի ներգրավվածությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին նաև այդ հարցը կլուծի․ - «Մեր խնդիրն է բոլոր երկքաղաքացիություն ունեցող մարդկանց ներգրավումը, հատկապես այն իմաստով, որ նրանք անկախ են թե՛ տնտեսապես, թե՛ կախվածություն չունեն գործող հանցավոր իշխանություններից: Նրանց մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև նրանք իրենց անկախությամբ և տնտեսական հնարավորություններով կարող են քաղաքական դաշտը ամբողջությամբ դեֆորմացնել, դեֆորմացնել լավ իմաստով, դրական իմաստով, և փոխել այս արատավոր քաղաքական համակարգը»:

Հայաստանյան ներքաղաքական գործընթացներին մասնակցելու խնդիրը, Փոստանջյանի փոխանցմամբ, հենց սփյուռքահայերն են բարձրացրել: Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիները: Իսկ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում մշտապես Հայաստանում բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Երկքաղաքացիները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն:

Փոստանջյանի խոսքով, իշխանության գալու դեպքում մտադիր են փոխել օրենքները․ - «Մենք դա չենք ընդունում: Ո՛չ այդ Սահմանադրությունն ենք ընդունում, ո՛չ դրա դրույթները, և դրա մասին նույնպես ծրագրային դրույթներում ամրագրված կլինի: Հետևաբար առաջին հերթին մենք ակնկալում ենք, որ պետք է ընդունվեն ընդամենը մի քանի սահմանադիր օրենքներ, որով պետք է կարգավորվեն, այո, նաև ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերը»:

Թեև առաջիկա ընտրություններին Զարուհի Փոստանջյանը չի մասնակցում, նա համոզված է, որ այս նոր նախաձեռնությամբ գալու են իշխանության: «Մեր թիրախը իշխող Հանրապետականն է», - ասաց նա՝ բոլորին կոչ անելով մասնակցել քաղաքական գործընթացներին:

Նա նաև չբացառեց արտահերթ ընտրությունների հնարավորությունը․ - «Իհարկե, միանշանակ պետք է այս պլատֆորմը միտված լինի բոլոր քաղաքական գործընթացներին՝ այդ թվում հետընտրական քաղաքական գործընթացներին, որովհետև մենք հասկանում ենք, որ այս պահի դրությամբ արդեն իսկ հավասար պայմաններում ընտրական պայքար տեղի չի ունենում, հավասար չեն պայմանները բոլոր մասնակիցների համար՝ թե՛ ընտրողների, թե՛ ընտրվողների համար: Հետևաբար, հաշվի առնելով այս հանգամանքը ևս, մեր գործողությունները միտված են լինելու բոլոր քաղաքական գործընթացներին»:

Պատգամավորի փոխանցմամբ՝ նոր քաղաքական ուժի ղեկավարը կընտրվի 15-ին գումարվելիք հիմնադիր համագումարում: Նա չնշեց, թե, իրենից բացի, ովքեր են մյուս նախաձեռնողները․ - «Անվան վերաբերյալ և ծրագրային դրույթների վերաբերյալ, իհարկե, դուք կտեղեկանաք հենց ամսի 15-ին»:

Փոստանջյանը բացահայտեց նաև ապագա կուսակցության ֆինանսավորման աղբյուրը․ - «Հենց մեր հայրենակիցները տնտեսապես անկախ Սփյուռքից»:

XS
SM
MD
LG