Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարագ զարգացող պետությունը»


«Ոչ միայն մեր կուսակցությունը, այլև մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձե՛ր ձեռքերում է, բարեկամնե՛ր: Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի», - այսօր հայտարարել է Հանրապետական կուսակցության նախագահ (ՀՀԿ), Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

«Ինձ համար, որպես Հայաստանի կառավարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարևորություն ունեն այս ընտրությունները: Ամենակարևորը՝ մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին և ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության և հասարակության հաղթանակը: Համոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատրաստ ենք դրան: Մեր կուսակցությունը սկսում է իր ընտրարշավը պարզ կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց», - ասել է նախագահը:

Նա նշել է, որ վերջին քսանհինգ և ավելի տարիներն իր համար եղել են ծանր աշխատանքի և պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին կորցրել է բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության:

«Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարևոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, և յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի ծաղիկը՝ մեր երիտասարդության սերուցքը: Նա ապրելու է ազատ ու ժողովրդավարական Հայաստանում: Նա ապրելու է մի երկրում, որն ունենալու է մեծ առաջընթաց։ Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրն է ապահովել ու խթանել այդ առաջընթացը: Հավատացնում եմ ձեզ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է առաջընթացի դրական ազդեցությունը ամեն տարի, ամեն տարի զգալու է իր կյանքի որակի բարելավումը: Հիշե՛ք, որ ոչ մի անհատ միայնակ չի կարող շատ բան անել: Մեր առջև կանգնած խնդիրների լուծումները մենք գիտենք: Բայց լուծումները պահանջում են համազգային ջանքեր, կենտրոնացում և խելամիտ ու արդյունավետ կառավարում: Եվ այդ լուծումները պահանջում են գործընթացները ճիշտ ուղղորդող ուժ: Այսօր այդ ուժը բարեփոխվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ իր կուռ կառույցներով, իր երիտասարդացող շարքերով, իր կառավարման փորձով և, վերջապես, առաջընթացը մարմնավորող իր վարչապետով», - ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ Հայաստանը դառնալու է տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամենաարագ զարգացող պետությունը։ «Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք անվտանգություն և առաջընթաց», - ասել է ՀՀԿ նախագահը:

Նշենք, որ ՀՀԿ-ի քարոզարշավի մեկնարկը տրվեց «Դինամո» մարզադահլիճից և այն փակ էր լուսաբանման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG