Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ:

Մինչ այդ, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը: Պատասխանելով լրագրողին հետաքրքրող հարցերին` նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին, Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը համարվող Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությանը, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորություններին և այդ կառույցի ապագայի մասին իր պատկերացումներին, դեպի Եվրոպա Հայաստանի արտահանման ներուժին, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը և իրականացվելիք առաջիկա ծրագրերին, ՀՀԿ ընտրական ցուցակում իր ընդգրկված չլինելու պատճառներին, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի անցնելուց հետո Հայաստանի ապագային:

Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է նրան Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Տայանիի պաշտոնավարման ընթացքում ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմինը կշարունակի իր ծանրակշիռ նպաստը բերել միջազգային այդ հեղինակավոր կառույցի հետագա վերելքին: Նախագահը հույս է հայտնել, որ Անտոնիո Տայանին իր գործունեությամբ կնպաստի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Տայանին երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց հանդիպումը 2008 թվականին Բրյուսելում: Նախագահը բարձր է գնահատել Տայանիի աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում, որը դրսևորվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման ժամանակ։

Սերժ Սարգսյանը հրավիրել է Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ այցելելու Հայաստան և մոտիկից ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև հայկական հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությանը: Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը, Սարգսյանի համոզմամբ, լավ ուղերձ կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, որը շատ բնորոշ է եվրոպակա ժողովրդավարություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը` գոհունակությամբ արձանագրելով, որ Եվրոպական խորհրդարանի հետ ակտիվ հարաբերություններ են զարգանում: Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները և նոր ձևավորվելիք խորհրդարանը՝ նոր Սահմանադրությամբ ընդլայնված լիազորություններով, Սերժ Սարգսյանի համոզմամբ, է՛լ ավելի ակտիվ կլինի ինչպես Եվրախորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության հարցերում:

Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ տեղի ունեցող բարեփոխումների գործում նախագահը անգնահատելի է համարել Եվրամիության շարունակական աջակցությունը, ինչը, ըստ նրա, վստահաբար նոր թափ կստանա ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները, արձագանքելով հայկական կողմի հրավերին, մասնակցելու են սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին անգամ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, այդ համատեքստում անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը և Ադրբեջանի ոչ կառուցողական ու սադրիչ քայլերը: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Լեռնային Ղարաբաղում և հստակ գիտեն, թե ինչ է իրականում ցանկանում այնտեղ ժողովուրդը: Սերժ Սարգսյանը դատապարտելի է համարել և իր մտահոգությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG