Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին


Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանիգլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական և կառավարական մակարդակներում կառուցողական համագործակցությունը լավ հիմք է հարաբերությունների հետագա խորացման համար՝ այդ թվում նոր ուղղություններով։

Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով հայ-վրացական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել է, որ շփումները բոլոր մակարդակներում ինտենսիվ են, բայց տնտեսական համագործակցության ոլորտում առայժմ չի օգտագործվում ողջ ներուժը։ Վարչապետը վերահաստատել է, որ առարկայական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել վրացի գործընկերների հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։

«Քննարկել ենք հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։ Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետըշնորհակալություն է հայտնել Վրաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած լավ վերաբերմունքի, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանման համար։

Ի պատասխան՝ Վրաստանի նախագահը կարևորել է հայ համայնքի գործուն մասնակցությունը Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG