Մատչելիության հղումներ

Բուխարեստում բողոքի հուժկու ցույցերը շարունակվում են


Բողոքի ցույց Բուխարեստում, 12-ը փետրվարի, 2017 թ․
Բողոքի ցույց Բուխարեստում, 12-ը փետրվարի, 2017 թ․

Ռումինացիների զայրույթի պատճառը կոռուպցիոն որոշ հանցագործությունների ապաքրեականացման և կոռուպցիոն հոդվածներով դատապարտվածների համաներման մասին աղմկահարույց օրինագիծն է:

Ռումիանիայում բազմահազար ցուցարարները չեն հանդարտվում: Երեկ ևս՝ անընդմեջ հանրահավաքների 13-րդ օրը, մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ կառավարությունից պահանջում էին վայր դնել լիազորություններն ու հեռանալ:

Ռումինացիների զայրույթի պատճառը կոռուպցիոն որոշ հանցագործությունների ապաքրեականացման և կոռուպցիոն հոդվածներով դատապարտվածների համաներման մասին աղմկահարույց օրինագիծն է, կամ, ինչպես այդ նախաձեռնության ընդդիմախոսներն են բնորոշում, «պաշտոնյաների և քաղաքական գործիչների գողությունն օրինականացնելու մասին նախագիծը»:

Ընդամենը մեկ ամիս առաջ երկրի կառավարման ղեկը ստանձնած Սոցիալիստական կուսակցությունը, որը հասցրել է կարճ ժամանակահատվածում իր դեմ տրամադրել հարյուր հազարավոր մարդկանց, իր առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկով առաջարկում է այլևս հանցագործություն չհամարել ծառայողական լիազորությունների չարաշահումն ու կոռուպցիոն այն գործերը, որոնց շրջանակներում քննվող փաստերում նշվող գումարը չի գերազանցում 45 հազար եվրոն: Կառավարությունը պնդում է , որ այս նախաձեռնությամբ փորձում են տեղեր ազատել երկրի գերբեռնված բանտերում:

Ռումինիայում բռնապետության տապալումից ի վեր ամենազանգվածային այս ցույցերի արդյունքում Սորին Գրինդյայուի գլխավորած կառավարությունը ետ կանչեց աղմկահարույց օրինագիծը, սակայն, այդ հետկանչը դեռ պետք է հավանության արժանանա խորհրդարանում: Ցուցարարները մտավախպություն ունեն, որ կառավարությունը ժամանակավոր զիջումների է գնում, քանի որ խորհրդարանի իշխող մեծամասնությունը թույլ է տալու հետագայում կրկին շրջանառության մեջ դնել ձախողված փաստաթուղթն ու ինչ-որ կերպ կյանքի կոչել այն:

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել․ մի կողմից ռումինական կառավարությունը վերջին տարիներին հետևողականորեն պայքարել է կոռուպցիայի դեմ՝ բանտեր ուղարկելով հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաների, մյուս կողմից աստիճանաբար ավելի ակնհայտ են դառնում հակակոռուպցիոն օրենսդրությունը մեղմելու՝ կառավարության փորձերը: Իշխանությունները պնդում են, որ զանգվածային ցույցերի պատճառն ամենևին էլ կոռուպցիան չէ, ակնկարկելով փողոցային պայքարի՝ ինչ-որ տեղից թելադրված լինելու մասին: Եվ դա այն դեպքում, երբ իրենք՝ իշխանություններն էլ են խոստովանում, որ երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ: Ավելին՝ նախընտրական շրջանում խոստացել են արմատախիլ անել այդ չարիքը:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում, որն ամեն տարի կազմում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը, Ռումինիան 176 երկրների ցանկում զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը: Բուլղարիայից հետո Եվրամիության ամենաաղքատը համարվող այս երկրի երեք միլիոն քաղաքացի՝ աշխատունակ բնակչության մեկ երրորդը, ապրում է արտերկրում, հայրենիքում նրանք աշխատանք չունեն: Զանգվածային ցույցերում կառավարությանն ուղղված՝ ամենից հաճախ հնչող կոչերից մեկն էլ արտագաղթին է առնչվում՝ «Մենք մնում ենք այստեղ և չքվում եք դուք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG