Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի ուսանողների ուսման վարձերից ավելի քան 99 մլն դրամ է հափշտակվել


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի պետական համալսարանի վճարովի համակարգում սովորող ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից հափշտակություն կատարելու բազմաթիվ դեպքեր։

ՔԿ-ի հաղորդմամբ, քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2008-2012 թվականների ընթացում, ինչի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 99 մլն դրամի վնաս, պարզվել է հափշտակության մեխանիզմը։

«Նախնական քննության տվյալներով՝ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողներից ոմանք ուսման վարձերը վճարել են կանխիկ, որոնք ստանալու և դրամարկղ հանձնելու նյութական պատասխանատվություն են ունեցել ՊՈԱԿ-ի ավագ հաշվապահները։

Մասնավորապես՝ ուսման վարձերի կանխիկ վճարված գումարները հավաքագրելու, դրամարկղ հանձնելու համար նյութական պատասխանատու անձ են հանդիսացել Երևան քաղաքի բնակիչներ, ավագ հաշվապահներ Կ. Սարգսյանը և Ռ. Վարդանյանը՝ համապատասխանաբար 2006 և 2008 թվականներից։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ավագ հաշվապահները, համալսարանի վճարովի համակարգում սովորող ուսանողներից կանխիկ ստանալով տարեկան ուսման վարձերի գումարները, կազմել և ուսանողներին են տվել վճարման կտրոններ, սակայն հավաքագրած գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել և իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարները յուրացման եղանակով հափշտակել են:

Ուսման վարձերի վճարումների վերաբերյալ դրամարկղի մուտքի օրդերներում և դրանց կից ուսման վարձերի տեղեկագրերում մուտքագրումներ չեն կատարվել, ՀԴՄ կտրոններ չեն տպվել, սակայն, կատարված հափշտակությունները քողարկելու համար այդ ուսանողների տվյալները մուտքագրվել են ԵՊՀ-ում գործող ուսանողների ծրագրային բազա՝ որպես վարձավճարները վճարած ուսանողների։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ նշված մեխանիզմով 2008-ից 2012 թվականների ընթացքում Կ. Սարգսյանի կողմից 468 ուսանողի, իսկ Ռ. Վարդանյանի կողմից՝ 158 ուսանողի վճարած ուսման վարձերը հափշտակելու վերաբերյալ. պատճառված վնասը կազմում է համապատասխանաբար 71.914.895 և 27.514.830 ՀՀ մլն դրամ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ավագ հաշվապահներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG