Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ նիստի օրակարգին անցնելը ողջունել է ներկաներին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, հակիրճ անդրադարձել Միության շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներին, կայացված կարևորագույն որոշումներին, ինչպես նաև զարգացման հեռանկարային ծրագրերին: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը:

Նիստի սկզբում պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի և վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Կանոնակարգի համաձայն նիստը վարում է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG