Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքումհայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Ըստ հաղորդագրության, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Ակնա) և հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:
«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը: Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում