Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացան դրամական օգնություն


Բեսլան քաղաքի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 14-ը հոկտեմբերի, 2016թ.

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացել են դրամական օգնություն:

«Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 16-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել ավտոբուսի տուժած ուղևորներից 31-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հիշեցնում է, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնություն ստանալու համար պետք է դիմեն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական վարչություն):

«Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ»-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից: Հայաստանի կառավարության որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1.5 միլին դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ դեկտեմբերի սկզբին 20 տուժածներ արդեն ստացել են դրամական օգնություն:

Մոսկվա-Երևան ավտոբուսի 52 ուղևորներից, հիշեցնենք, վթարի հետևանքով զոհվել են 5-ը, շուրջ երեք տասնյակը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG