Մատչելիության հղումներ

Գաղտնալսման սկանդալի ֆոնին մակեդոնացիները խորհրդարան են ընտրում


Մակեդոնացիներն այսօր մասնակցում են խորհրդարանական ընտրությունների, որոնք կարող են վերջ դնել գաղտնալսման սկանդալի հետևանքով արդեն երկու տարի շարունակվող քաղաքական անկայունությանը։

Ընտրությունների արդյունքում նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկին հույս ունի վերստին ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, որից նա ստիպված էր հրաժարական տալ մոտ մեկ տարի առաջ՝ իր և իր մերձավորների կոռուպցիոն գործարքները, ընտրախախտումները և քաղաքական հակառակորդների նկատմամբ շինծու քրեական գործերը մերկացնող գաղտնի ձայնագրությունների հրապարակումից հետո չդադարող բողոքի ցույցերի ճնշման տակ։

Ընտրություններում Գրուևսկու ղեկավարած ВМРО – ДПМНЕ կուսակցության հիմնական հակառակորդը ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է։

Մակեդոնիայում քաղաքական ճգնաժամը սկսվեց 2015-ի փետրվարին, երբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը սկսեց հրապարակել գաղտնալսումները, որոնք, ընդդիմադիրների պնդմամբ, ապացուցում են, որ իշխանությունները ապօրինաբար գաղտնալսել են շուրջ 20,000 քաղաքացիների՝ քաղաքական գործիչների, լրագրողների, ակտիվիստների, կրոնական առաջնորդների հեռախոսահամարները։ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զորան Զաևը ամեն շաբաթ կազմակերպվող հանրահավաքներում հրապարակում էր մերկացնող ձայնագրությունների հերթական չափաբաժինը։ Զաևը պնդում է, որ ձայնագրությունները իրեն է տրամադրել Ներքին գործերի նախարարության՝ ահազանգ հնչեցրած իր աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG