Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի և Վրաստանի հետ


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի և Վրաստանի համար Եվրամիության հետ վիզաների ազատականացման գլխավոր խոչընդոտն արդեն վերացված է, և ամենայն հավանականությամբ մինչև հաջորդ տարվա գարուն Բրյուսելը թույլ կտա երկու երկրների քաղաքացիներին առանց արտոնագրի մտնել Շենգենյան տարածք: Ժամեր առաջ հայտարարվեց, որ Եվրախորհրդարանն ու Եվրամիության անդամ երկրները փոխհամաձայնության են եկել մինչ օրս գործընթացին խանգարող գլխավոր հարցում՝ մշակել են հստակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա չարաշահումների դեպքում ժամանակավորապես սառեցնել վիզաների ազատականացումը:

«Սա Եվրամիության առաջատար երկրների՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի պահանջն էր, որոնք մտահոգություն ունեին, որ սահմանները բացելու դեպքում կարող են կանգնել խնդիրների առջև», - մանրամասնում է «Ազատության» բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվյակը: - «Այդ մեխանիզմն ըստ էության նշանակում է, որ Եվրամիության անդամ երկրների համար այսուհետ առավել հեշտ է լինելու ժամանակավորապես սառեցնել առանց վիզաների ռեժիմը, ասենք՝ երբ մեծաթիվ վրացիներ գան Եվրամիության տարածք ու մնան 90 օրվանից ավելի երկար, կամ եթե համաձայնագրի այլ պահանջներ խախտվեն: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային ու Վրաստանին, այլև Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող մյուս երկրներին, ասենք՝ Միացյալ Նահանգներին: Չարաշահումների դեպքում նրանց հետ ևս ազատ վիզային ռեժիմը կարող է սառեցվել»:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ արդեն այս որոշումը կմտնի Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգ, ապա կուղարկվի անդամ երկրներ՝ վավերացման: «Սա հավասարակշռված համաձայնություն է, որը ծայրահեղ կարևոր է Եվրամիության վիզաների ազատականացման քաղաքականությունն առավել արդյունավետ և վստահելի դարձնելու համար», - հայտարարել է Եվրամիությունում ներկայումս նախագահող երկրի՝ Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինակը, փաստելով, որ մինչ օրս Բրյուսելն, ըստ էության, հնարավորություն չուներ պատժել այն երկրների քաղաքացիներին, որոնք չարաշահում են տրված արտոնությունները:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ այս համաձայնությունը թույլ կտա վիզաների ազատականացման անցնել նաև այլ երկրների հետ, եթե դրանք համապատասխանեն Բրյուսելի պահանջներին:

«Թբիլիսիում և Կիևում սրան վաղուց էին սպասում, Բրյուսելը շարունակ ձգձգում էր գործընթացը, վերջին շաբաթներին, սակայն, այստեղ առավել ու առավել հաճախ էին հնչում կարծիքներ, որ դրանով Եվրամիությունը կորցնում է վստահությունն իր նկատմամբ», - փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

«Տարիներ շարունակ Եվրամիությունը Վրաստանից ու Ուկրաինայից պահանջում էր բարեփոխումներ, և այդ երկրները հսկայական փոփոխությունների գնացին՝ վիզաների ազատականացման հասնելու համար: Սակայն երբ հասան այն կետին, երբ արդեն Եվրամիությունը պետք է քայլ կատարեր, պարզվեց՝ Բրյուսելը պատրաստ չէ և դրժում է խոստումը: Շատերն էին զգուշացնում՝ դրանով Եվրամիությունը կորցնում է վստահելիությունը, մենք դիմացինից պահանջում ենք բարեփոխումներ, մինչդեռ ինքներս չենք կարողանում համաձայնության գալ նույնիսկ այսպիսի տարրական՝ սառեցման մեխանիզմի հարցում: Այս լոբբինգը ի վերջո տվեց իր արդյունքները», - փոխանցում է Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG