Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի․ Արտահերթ ընտրություններ չանցկացնելու դեպքում Ուկրաինային քաոս է սպառնում


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Կիևում հանրահավաքի ժամանակ, 27-ը նոյեմբերի, 2016թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գիտի, թե ինչ է անելու, եթե հանկարծ որոշեն իրեն զրկել ուկրաինական քաղաքացիությունից: Այս մասին նա ասաց Deutche Welle-ի ռուսական ծառայությանը տված ծավալուն հարցազրույցում:

«Դե ոչինչ, լավագույն դեպքում կապրեմ որևէ միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում», - կատակում էր Սաակաշվիլին` հավելելով, թե իրադարձությունների զարգացման նման սցենարն իր համար աբսուրդի ժանրից կլինի:

Մի քանի շաբաթ առաջ, սակայն, ինքը Սաակաշվիլին էր պնդում, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրահանգել է իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկելու իրավական մեխանիզմներ մշակել: Օդեսայի նախկին նահանգապետի ուկրաինական անձնագիրն առգրավելու կոչեր էին հնչում նաև երկրի խորհրդարանում` Գերագույն ռադայում:

Չնայած այս բոլոր հայտարարություններին՝ Սաակաշվիլին շարունակում է իր ղեկավարած «Նոր ուժերի շարժման» ձևավորումը` պատրաստվելով իր աջակիցներին միավորող քաղաքական ուժի գրանցմանը արդարադատության նախարարությունում: Deutche Welle-ին տված հարցազրույցում նա պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ի վիճակի կլինի իր կողմնակիցների հետ մեծամասնություն կազմել Գերագույն ռադայում:

«Հենց որ մենք մեծամասնություն ունենանք՝ ուժեղ մեծամասնություն, կկարողանանք ցանկացած օրենք ընդունել, հաղթահարել նախագահի վետոն, իմփիչմենթ հայտարարել իշխանության ցանկացած ճյուղի: Ես, իհարկե, նախագահ Պորոշենկոյին իմփիչմենթով չեմ սպառնում, բայց և այնպես, ակնհայտ է, որ դա այն գործիքն է լինելու, որի միջոցով մեր քաղաքականությունն ենք կյանքի կոչելու», - նշում էր Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ իր ղեկավարած քաղաքական ուժի առաջնահերթությունը Գերագույն ռադայի լուծարմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելն է:

«Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, եթե Ռադայի ներկայիս կազմը աշխատի ևս երկուսուկես տարի, մեծ է լինելու քաոսային իրավիճակի ստեղծման վտանգը: Ուկրաինան այժմ հետընթաց է ապրում: Եթե նույնիսկ առաջնորդվելու լինենք կառավարության հրապարակած լավատեսական կանխատեսումներով, ուկրաինական տնտեսությունը 15 տարի հետո միայն կհասնի այն մակարդակին, որ առկա էր Յանուկովիչի պաշտոնավարման վերջին տարում` 2013 թվականին», - պնդում է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ այժմ Ուկրաինայի համար խիստ կարևոր է նոր քաղաքական դասի ձևավորումը: Միխեիլ Սաակաշվիլիի համոզմամբ՝ անցած 25 տարիներին Ուկրաինայի քաղաքական դաշտի դերակատարները ձախողել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG