Մատչելիության հղումներ

ՔԿ. Երեք անչափահաս կասկածվում է Սյունիքում կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու մեջ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ:

«Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 և 2000 թվականներին ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի խանութում։ Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ։ Դեկտեմբերի 5-ին ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի [կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա] հատկանիշներով, խանութը շահագործող անհատ ձեռներեցը ճանաչվել է տուժող», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տպիչ սարքը, որն, ըստ քննության տվյալների, օգտագործվել է կեղծ փողեր պատրաստելու համար, տպագրական թղթեր, ինչպես նաև համակարգիչների պրոցեսորներ։ Առգրավվել և զննվել են խանութի տեսահսկման համակարգի տեսագրությունները և կեղծ թղթադրամը: Անչափահասները ձերբակալվել են:

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG