Մատչելիության հղումներ

ՔԿ. Կրակոցներ թիվ 150 հիմնական դպրոցի մոտ. հարուցվել է քրեական գործ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդում է, որ կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։

Երեկ դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները: Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի դիմային պատուհանի և դպրոցի մարզադահլիճի հանդերձարանի պատուհանի վրա առկա են կրակոցի միջանցիկ անցքեր: Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

«Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, դպրոցի շենքին մոտեցող BMW X5 մակնիշի ավտոմեքենային հետապնդել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվող անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել BMW X5-ի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ապակին։ Բացի այդ, կրակոցները դիպել են նաև դպրոցի պատուհաններին։ Դեպքի առթիվ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով [սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով], և 235-րդ հոդվածի 1-ին մասով [ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը]», - ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Ըստ Քննչական կոմիտեի, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, ականատես վկաներ։ Նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն: Գրություն է ուղարկվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն` դեպքի վայրին մոտակա տեսախցիկների տեսաձայնագրություններն ստանալու նպատակով:

«Հանձնարարություն է տրվել Ոստիկանության Նոր-Նորքի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց), հնարավոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG