Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի պաշտոնում Թրամփն առաջադրել է «Կատաղած շուն» մականունով Ջեյմս Մատիսին


66-ամյա գեներալի ընտրության մասին Թրամփը հայտարարեց երեկ Ցինցինատիում «Շնորհակալություն, Ամերիկա» շրջայցի ժամանակ:

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրում է պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսի թեկնածությունը, ով բանակում հայտնի էր «Կատաղած շուն» մականունով և Օբամայի վարչակազմի հասցեին սուր ու անխնա քննադատությամբ:

«Մենք պատրաստվում ենք Կատաղած շանը՝ Մատիսին, նշանակել Պաշտպանության նախարար: Այդ մասին կհայտարարենք երկուշաբթի, այնպես որ դուք էլ առայժմ չասեք որևէ մեկին: Նա հզոր է, հզո՛ր», - հայտարարեց Դոնալ Թրամփը՝ իր թեկնածուին համեմատելով Միացյալ Նահանգների առանցքային գեներալներից մեկի՝ Երկրորդ աշխարհամարտից հայտնի Ջորջ Փաթընի հետ:

Թրամփի ոգևորությունը, սակայն, ոչ բոլորն են կիսում՝ հիշեցնելով Մատիսի անողոք ու կոշտ հայտարարությունները ծառայության ընթացքում: Իրաքյան պատերազմներին մասնակցած, Աֆղանստանի հարավում ամերիկյան ուժերի հրամանատարությունն իրականացրած գեներալը տարիներ առաջ իր զինվորներին կարգադրել էր՝ եղեք քաղաքավարի, եղեք արհեստավարժ, բայց և ունեցեք ծրագիր՝ հանդիպած յուրաքանչյուրին սպանելու»:

Մատիսը նաև առիթը բաց չէր թողնում Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը՝ հատկապես Իրանի հետ մերձեցումը քննադատելու համար: «Թեհրանը միակ և ամենատևական սպառնալիքն է Մերձավոր Արևելքի կայունությանն ու խաղաղությանը», - ժամանակին ասել է նա:

Ի դեպ, նրա թեկնածությունը հաստատելու համար Կոնգրեսը պետք է հատուկ փոփոխություն անի օրենքում: Դաշնային օրենսդրությամբ Պենտագոնի ղեկավարը նշանակումից առնվազն 7 տարի առաջ պետք է ծառայությունից հեռացած լինի: Ավելի քան 40 տարի բանակում ծառայած Մատիսը, մինչդեռ, բանակային կյանքը թողել է 3 տարի առաջ: Մինչև օրս Կոնգրեսը միայն մեկ անգամ է գնացել նման բացառության՝ 1950 թվականին գեներալ Ջորջ Մարշալի նշանակման ժամանակ:

Ակնկալվում է, սակայն, որ այս խոչընդոտը Դոնալդ Թրամփը հեշտորեն կհաղթահարի՝ ունենալով հանրապետական մեծանասնության աջակցությունը Կոնգրեսում:

Ամերիկյան մամուլը շարունակում է վերլուծել Թրամփի առաջադրումները՝ փաստելով․ - «Լինելով Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահարուստ նախագահը՝ նա կազմել է նաև Ամերիկայի ամենահարուստ կաբինետը»:

Կրթության նախարարի պաշտոնում առաջադրված Բեթսի Դեվասի ընտանիքը, ըստ «Ֆորբսի», ունի ավելի քան 5 մլրդ դոլարի կարողություն, Առևտրի նախարար Ռոսը՝ 2.5 մլրդ դոլարի: Իսկ Ֆինանսների նախարարի թեկնածու Սթիվեն Մաչինի կարողությունը հասնում է մոտ 2 մլրդ դոլարի:

Դեմոկրատների արձագանքը տպավորիչ այս թվերին չի ուշացել: «Միլիարդատերերից, միլիարդատերերով և միլիարդատերերի համար»․ Թրամփի վարչակազմին Թվիթերում այսպիսի բնորոշում է տվել նախագահի պաշտոնին հավակնած դեմոկրատ Բերնի Սանդերսը:

Հակառակորդ ճամբարում հիշեցնում են Թրամփի նախընտրական խոստումները վաշինգտոնյան էլիտայից հեռանալու և միջին խավի շահերը ներկայացնելու մասին՝ պնդելով, թե այս նշանակումները շատ հեռու են այդ քաղաքականությունից:

Դոնալդ Թրամփի խոսնակը, մինչդեռ, պնդել է, թե ընտրյալ նախագահը հավատարիմ է մնում իր խոսքերին:

«Պետք է լինեն մարդիկ, որոնք ներսից են ճանաչում և հասկանում համակարգը, ստեղծագործ են, կարող են ինչ-որ բան փոխել: Նաև նրանք, որ դրսից են», - «Ռոյթերզ»-ին ասել է Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Էնթընի Սկարամուչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG