Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հինգշաբթի օրը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների և կառավարությունների միջև շփումները:
Հանդիպմանը շոշափվել են առևտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահն ընդգծել է ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային համագործակցության, կառուցողական երկխոսության և սերտ շփումների կարևորությունը:
Զրույցի ընթացքում շոշափվել են Կանանց Եվրասիական համաժողովի թեմաները: Նաղդալյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց համաժողովի ընթացքում հնչեցված կառուցողական գաղափարների իրականացմանը:
«Հաշվի առնելով այդ ամենը, պետք է նախապատրաստվել 2018 թվականին տեղի ունենալիք երկրորդ համաժողովի անցկացմանը», - ի պատասխան նշել է Մատվիենկոն: