Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Արտգործնախարարության փոխանցմամբ, զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտքեր են փոխանակել զարգացման համագործակցության շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ:

Հայաստանի արտգործնախարարը, բարձր է գնահատել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, մտքեր են փոխանակվել փախստականների հոսքի և նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել կազմակերպության օրակարգային հարցերի, Համբուրգի նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Արտգործնախարարությունը տեղեկացնում է նաև, որ Նալբանդյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում այսօր հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, արժևորելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, բարձր է գնահատել Գերմանիայի օրենսդիր մարմնի սկզբունքային դիրքորոշումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մանրամասները, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումները, ադրբեջանական ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Նախարարը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել այս կապակցությամբ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և, շարունակելով սրել իրավիճակը շփման գծում, լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման այդ ջանքերին:

«Նման հերթական սադրիչ դրսևորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարության արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին», - ասել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG