Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներին


«Չի կարող հասարակությունը մեկուսացվել բանակից և հակառակը: Բանակի ժողովրդավարացումը և լիարժեք ինտեգրումը հասարակությանը, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի բնագավառներ անում են այնպես, որ մենք դառնում ենք մեկ միասնություն, քաղաքացիական կյանքում ունեցած ձեռքբերումներով ամրապնդելով նաև մեր զինված ուժերի մարտունակությունը», - հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցած ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: - «Ազգ-բանակը դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որը փոխանցվում է ժողովրդին: Ազգ-բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի զինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակ իմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը և դա բնավ չի տանում հասարակությունը կամ պետության ռազմականացմանը:

Նախարարին կից կոլեգիայի նիստը նվիրված է եղել զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական և հրամանատարական պատրաստության պլանավորման ու կազմակերպման վիճակին, առկա խնդիրներին և կատարելագործման ուղիներին: Նիստին մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Զեկույցներում և հարակից այլ ելույթներում, ինչպես նաև հարց ու պատասխանի ընթացքում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական և հրամանատարական պատրաստության կատարելագործման ուղղությամբ: Առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցառումները: Առավել բարձրացել է շտաբների ներդաշնակ աշխատանքի և սպաների գիտելիքների, ունակությունների ու հմտությունների մակարդակը: Լայնորեն կիրառվել են ուսուցման նոր ձևեր և մեթոդներ: Կազմակերպվել են զորավարժություններ, հրամանատարական ու մարտավարական հավաքներ, ցուցադրական ու գործնական պարապմունքներ, խմբային վարժանքներ, հրաձգություններ և տարաբնույթ մարզումներ:

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG