Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քններկել են ղարաբաղյան խնդիրը


Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյին։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում բովանդակալից զրույց է ծավալվել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել դինամիկ զարգացում ապրող փոխհարաբերությունների առնչությամբ։

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադրաձարձել են միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված աշխույժ փոխգործակցությանը։

Նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերին։

Բանակցություններին հանգամանալից քննարկում է ծավալվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, հետևողականորեն սրում է իրավիճակը շփման գծում ՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Երկուստեք շեշտվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիակատար իրականացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ժան-Մարկ Էրոն ստորագրել են 2013 թվականի ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի պայմանագրի կիրարկման արձանագրությունը և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ուսանողների ու մասնագետների շարժունակությունը կարգավորող համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG