Մատչելիության հղումներ

Սիրիայի Իդլիբ նահանգում ռմբակոծության հետևանքով տասնյակ երեխաներ և ուսուցիչներ են զոհվել


Սիրիա - Իդլիբ նահանգի Հաաս գյուղի բնակելի շրջանին, որտեղ գտնվում է նաև դպրոցը, ավիահարված է հասցվել, 26-ը հոկտեմբերի, 2016թ․

Սիրիայի հյուսիսում՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում, երեկ ռմբակոծության զոհ է դարձել առնվազն 22 երեխա և 6 ուսուցիչ:

«Սա ողբերգություն է, վայրագություն, պատերազմական հանցագործություն, եթե միտումնավոր է արվել», - հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը, կատարվածի պատասխանատվությունը դնելով սիրիական բանակի կամ ռուսական զինուժի վրա:

Սիրիայի պետական հեռուստաընկերության ռեպորտաժում, մինչդեռ, ասվում է միայն այդ տարածքում սպանված ահաբեկիչների մասին, դպրոցի ռմբակոծության վերաբերյալ որևէ լուր չի հաղորդվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարում է, թե իր ռազմական ինքնաթիռները 9 օր է՝ Հալեպի մերձակայքում թռիչքներ չեն իրականացնում: «Կատարվածը սարսափելի է, հուսով եմ՝ մենք դրա հետ կապ չունենք», - ավելի վաղ France-Presse լրատվական գործակալությանն ասել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը:

Հալեպից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իդլիբը ընդդիմության վերահսկողության տակ անցած ամենամարդաշատ նահանգներից մեկն է, որը պարբերաբար ռմբակոծվում է կառավարական ու ռուսական օդուժի կողմից: Վերջին շաբաթներին, սակայն, հարձակումներն առավել ինտենսիվ են դարձել, հաղորդում են տեղում աշխատող փրկարարներն ու իրավապաշտպանները: Նրանց հաշվարկներով՝ միայն անցած 7 օրում Իդլիբում շուրջ 90 մարդ է սպանվել, 100-ից ավելին՝ վիրավորվել:

Reuters-ի՝ տեղից ուղարկված կադրերն ու հարցազրույցները առավել քան խոսուն են: «Աստված, փրկիր մեզ, տեսնում ես մեր տառապանքները, մենք քեզնից բացի որևէ մեկը չունենք, օգնիր», - դպրոցի փլատակներին հասած գոռում է մի տղամարդ: Մեկ ուրիշը, մահաբեր հարվածներից խուսանավելով, հևիհև պատմում է․ - «Սա բնակելի թաղամաս է, որ հայտնվել է տասնյակ հրթիռների թիրախում»: «Մեզ ռմբակոծում էին, էլ չեմ ուզում դպրոց գնալ, տուն եմ ուզում, մորս եմ ուզում», - ասում է մի երեխա:

«Չնայած հայտարարված հրադադարին՝ սիրիական ու ռուսական զինուժը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչրությանը, Հալեպը դարձել է մահացու գոտի», - երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական Սթիվեն Օ՛Բրայանը, մանրամասնելով՝ նրանք, որ փրկվում են օդային հարվածներից, կարող են սովամահ լինել վաղը:

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այս կոշտ քննադատությունն ավարտվել է Ռուսաստանի դեսպանի հետ վիճաբանությամբ: «Ձեր այդ հայտարարությունները, խնդրեմ, թողեք վիպակի համար, որ մի օր կգրեք», - արձագանքել է Վիտալի Չուրկինը:

«Եթե մենք քարոզի կարիք ունենայինք, եկեղեցի կգնայինք, եթե բանաստեղծություն լսելու ցանկություն ունենայինք, թատրոն կհաճախեինք, մինչդեռ ՄԱԿ-ի պաշտոնյաներից, հատկապես՝ քարտուղարության ղեկավարներից, ակնկալվում է անաչառ վերլուծություն, Ձեզ մոտ դա չի ստացվել», - պնդել է Ռուսաստանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG