Մատչելիության հղումներ

Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն, «եթե անհրաժեշտությունը լինի»


Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 26-ը հոկտեմբերի, 2016թ․

Քաղաքականության էջը Գագիկ Ծառուկյանի համար վերջնականապես փակված չէ: Խորհրդարանական ընտրություններից հինգ ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին առաջնորդը հայտարարում է՝ կվերադառնա, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

«Եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց և ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որով անում եմ, դա չկա, որ քաղաքականության մեջ մտնեմ, ճանաչում ձեռք բերեմ, կամ հեղինակություն, կամ գործ: Եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2015 թվականի փետրվարին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» որակվելուց հետո «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի պաշտոնից հրաժարված Ծառուկյանը հավելեց՝ ներել է բոլորին: Իսկ հարցին՝ վերադարձի դեպքում կրկին կպահանջի՞ նախագահի հրաժարականը, նախկին ընդդիմադիրը հստակ պատասխան չտվեց:

«Եվ ուզում եմ բոլորին տեղեկացնել․ ինչքան մարդը հզոր է, ուժեղ է, բարի է, այնքան կամեցող է և ներող է, որ ամբողջ հանրությունը և քաղաքական գործիչներն էլ իմանան՝ Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի է և ներող է, որ բոլորը իմանան: Ես բոլորին ներում եմ»», - հայտարարեց ԲՀԿ նախկին առաջնորդը:

«Ասացիք, որ փակված գիրքը կարող եք բացել, և գիրքը կանգ է առել այն էջի վրա, որտեղ իշխանափոխություն էիք պահանջում: Որ բացեք՝ կրկին այդտեղի՞ց եք սկսելու», - «Ազատության» այս հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ - «Ուրեմն, ես ձեզ նորից ասեցի՝ երբ որ անհրաժեշտությունը եղավ, դրա կարիքը եղավ, քաղաքականության մեջ մարդիկ մտնում են երևալու, ինչ-որ պաշտոն ձեռք բերելու, դուք ինձնից բոլորդ լավ գիտեք, ես դրա կարիքը չունեմ: Ես հիմա զբաղմունք էլ ունեմ, որ էդ ծանրության տակ մտնեմ, ես ձեզ նորից եմ ասում՝ այն, ինչ որ անհրաժեշտ է երկրի, ժողովրդի բարեկեցությանը, զարգացմանը, հզորացմանը, քանի որ պարոն Ծառուկյանը, նորից եմ ասում, Հարվարդ չեմ ավարտել, ես զրոյից կայացել, որը ձեռս պուլսի վրա է, ես դա բոլորը զգում եմ, ես զգում եմ ամեն ինչը, որովհետև, նորից եմ ասում, անգիր արած բառեր չեն ասում»:

Շուրջ երկամյա լռությունից հետո միլիոնատեր գործարարը այսօր կրկին քննադատության ենթարկեց իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը․ - «Տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը չեն ավելացնում, պահանջները չեն խստացնում, հակառակը՝ թեթևացնում են, հնարավորություն են տալի, որ մարդիկ գոնե կարողանան գոյատևել, ապրել: Որովհետև եթե նրանց խստացնում ես, փակվում են, գործազրկություն է լինում, արտագաղթ է լինում: Ասել եմ՝ բանկային համակարգները դրանք լոմբարդներ են, այսօր մեր Հայաստանում ով, որ քաղաքացին դիմեց բանկային համակարգին՝ նա սնանկանում է: Բայց դա ստեղծված է, որ ժողովրդին բարեկեցություն տա, մարդուն հնարավորություն տա՝ փող ձեռք բերի, կարողանա աշխատի՝ և՛ բանկը փակի, և՛ իր ընտանիքը պահի: Գյուղատնտեսությանը, բոլոր ոլորտներով հատ-հատ, փոքր ու միջին բիզնեսով ասեմ, որ համապատասխան մենք պետք է իրենց հարկերից ազատենք»:

Իշխանափոխության պահանջ ներկայացնելուց կարճ ժամանակ անց քաղաքականությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնը լքած Ծառուկյանը հայտարարեց, թե հեռացել է բացառապես ժողովրդի անվտանգությունից դրդված:

Ի դեպ, այսօր հեռանալուց առաջ Գագիկ Ծառուկյանը, կրկին անդրադառնալով իր վերադարձի մասին խոսակցությանը, այն ներկայացրեց արդեն որպես իրողություն: Լրագրողներից մեկի հարցին՝ «Ասացիք, որ քաղաքականություն կմտնեք, էդ գիրքը կսկսեք, կշրջեք․․․», նա արձագանքեց․ - «Լավ, ասեցի բացել եմ, անցանք առաջ, ուրիշ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG