Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը


Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում ներկայացնում է իր գլխավորած կառավարության ծրագիրը: 20-ը հոկտեմբերի, 2016 թ․

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը:

Իշխող Հանրապետականից և Դաշնակցությունից բացի, Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացած մի քանի պատգամավորներ, ինչպես նաև «Ժառանգության» նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանը:

Բուն ԲՀԿ խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց: «Չնեք կարող կիսել այս ծրագրի քաղաքական պատասխանատվությունը, որովհետև իշխանություն չենք», - ասաց խմբակցության պատգամավորներից մեկը:

«Օրինաց երկիր»-ը և Լյուդմիլա Սարգսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ էին:

«Կողն չէինք կարող լինել այդ ծրագրին, որտեղ չկա օֆշորներից հետ բերելու, թալանի, ձերբակալությունների պատասխանատվության մասերը: Բայց մենք չենք կարող նաև դեմ լինել հնարավորություն չտալու նոր կառավարությանը աշխատելու», - ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Դեմ քվեարկեցին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը:

«Մենք չենք կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության կողմից ներկայացված որևէ կառավարությանը, որովհետև անցած տարիները նման հիմքեր մեզ թույլ չեն տալիս», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Մինչդեռ Դաշնակցությունը լիակատար աջակցություն հայտնեց կառավարության ներկայացրած ծրագիրի: «Երկրի երկարաժամկետ զարգացման կայուն հիմքերը ստեղծելու եթե մասնակից ու պատասխանատուն լինենք: Իմ կուսակցությունը՝ Դաշնակցությունը մասնակից է ու պատասխանատու», - հայտարարեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Կարեն Կարապետյանը Հանրապետականին ու Դաշնակցությանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, իսկ ընդդիմադիրներից կիրառական խորհուրդներ խնդրեց․ - «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ իրոք գնահատում ենք այն բեռը և այն շտանգան, որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ, ժողովրդական լեզվով ասած՝ գռիժա կստանանք: Կա՛: Կստանանք [թե ոչ]՝ ժամանակը ցույց կտա»:

Լևոն Զուրաբյանը, սակայն, ասում էր, թե չի հավատում, որ հարստություն կուտակած ու ապօրինություններ թույլ տված մարդկանց հեռացումը գործադիրից ու մարզպետի պաշտոնից նշանակում է նաև, որ այս կառավարությունն այլևս չի ներկայացնում վերջին երկու տասնամյակում գործած կոռումպացված համակարգը․ - «Թե՞ սա ընդամենը Սերժ Սարգսյանի հանրապետական իշխանության կողմից մի նախընտրական հնարք է, որի միակ նպատակն է ընտրություններից առաջ մեղմել ժողովրդի համատարած դժգոհությունը և ատելությունը իշխանությունների նկատմամբ, հանդես գալ մարդկային դեմքով և հնարավորինս հեշտացնել ռեժիմի վերարտադրությունը առաջիկա ընտրություններում: Որից հետո, սակայն, բոլոր դիմակները նորից կհանվեն, և ռեժիմը նույն ախորժակով և դաժանությամբ կշարունակի ժողովրդի հարստահարումը և երկրի անխնա թալանը»:

Կարեն Կարապետյանին պաշտպանելու շտապեց Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ)՝ նաև Նիկոլի Փաշինյանի երեկվա ելույթից․ - «Ինչի՞ն եք դեմ: Դեմ եք անձերի՞ն, թե՞ դեմ ծրագրին: Մենք քննարկում ենք ծրագիրը, մենք անձերի հարց չենք քննարկում այստեղ: Ես խորհուրդ եմ տալիս, Նիկոլ ջան, փոխիր խաղի կանոնները․ արդեն 4-5 տարի, մարդիկ հոգնում էլ են՝ նույն խոսքերը, նույն կերպարները, նույն քննադատությունները»:

Վարչապետը նույնպես իր ամփոփիչ կարճ ելույթում արձագանքեց ընդդիմադիրների՝ երեկ և այսօր հնչեցրած քննադատությանը․ - «Օրինակ, մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են՝ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար․․․ է, բոլորը գրել են, չգրե՞նք: Եվ վերջում հայտարարեցիք, որ ծրագրում մասեր կան, որոնք ձեր դուրը գալիս են, բայց ձեռնպահ կմնաք, քանի որ մենք չենք հորդորել, որպեսզի օֆշորներից փողը վերադարձնեն: Էդ հորդորելն էլ էլի դեկլարատիվ բնույթ է կրում: Չնայած դուք ասում էիք, որ մենք շատ բաներ դեկլարատիվ ենք գրել: Հարց հռետորական՝ եթե գրեինք, կվերադարձնեի՞ն, կամ եթե ավելացնենք, կողմ կքվեարկե՞ք»:

Ի դեպ, վարչապետն ամբիոնից շփոթեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անվանումը՝ միաձուլելով այն իշխանական Հանրապետականի հետ: Դահլիճում հնչած բուռն ծիծաղից հետո էլ Կարապետյանը չմտաբերեց կուսակցության ամբողջական անվանումը․ - «Բարգավաճ Հանրապետական կուսակցությանը․․․․ ներողություն: Հաստատ դիտավորյալ չէր: Ես իրոք չհասկացա Բարգավաճ կուսակցությանը ինչի է որոշել չքվեարկել»:

XS
SM
MD
LG