Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի բանաձևի ընդունման և այդ հարցում գերմանացի օրենսդիրների ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար երախտագիտություն է հայտնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր ընդունելով Բունդեսթագի պատվիրակությանը` օրենսդիր մարմնի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորությամբ:

Նալբանդյանը նշել է, որ Գերմանիայի օրենսդիր մարմնի պատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են խորհրդարանական դիվանագիտության ակտիվության և դրա կարևորության մասին։ Նա ընդգծել է, որ արդյունավետ գործակցություն է հաստատվել ինչպես երկու երկրների գործադիր իշխանությունների, այնպես էլ` օրենսդիր մարմինների միջև, և որ Գերմանիան Հայաստանի երրորդ առևտրատնտեսական գործընկերն է ու առաջինը՝ Եվրոպական միության անդամների շարքում։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Զինգհամմերը ներկայացրել է գերմանացի խորհրդարանականների այցելության նպատակները և ունեցած հանդիպումների արդյունքները։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունները, անդրադարձել է Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, այդ տարածաշրջանում փոքրամասնությունների խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն հոսքերին, մի շարք այլ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։

«Էդվարդ Նալբանդյանը Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրեց ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG