Մատչելիության հղումներ

Բաքվում կարծում են, որ Հայաստանում ցուցադրված «Իսկանդերը» պատկանում է Ռուսաստանին


Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերը» հզոր զենք է, սակայն, կողմերից որևէ մեկը չի գնա նման զինատեսակի կիրառման, «Ազատության» հետ զրույցում կարծիք են հայտնել Ադրբեջանի ռազմական փորձագետները՝ մեկնաբանելով Երևանում սեպտեմբերի 21-ին անցկացված զորահանդեսը:

«Մենք պետք է պաշտպանենք Բաքուն, Գյանջան, Մինգեչաուրը, վտանգը առկա է», - ասել է փորձագետ Ազադ Իսազադեն՝ միաժամանակ ընդգծելով․ - «Եթե Լեռնային Ղարաբաղից Բաքու 300 կմ է, ապա Նախիջևանից Երևան ընդամենը 40 կմ է: Ստացվում է՝ մինչև «Իսկանդերը» հասնի Բաքու, Նախիջևանից երեք հրթիռ կհասնի Հայաստանի մայրաքաղաք: Դրան չեն գնա ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները», - ասել է Ազադ Իսազադեն:

Իրականում անկախության 25-ամյակի շքերթով Հայաստանն ուզում էր բռունցքները ցույց տալ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի արձանագրած առավելությանը հակազդելու համար, կարծիք է հայտնել փորձագետ Թելման Էբիլովը, ում համոզմամբ հիմա Բաքուն պետք է մտածի բանակն ու սպառազինությունները է'լ ավելի արդիականացնելու մասին:

«Իսկանդերը» ամենավտանգավոր հրթիռային համալիրն է, որն ունի մինչև 500 կմ հեռավորությամբ թիրախները խոցելու հնարավորություն: Ադրբեջանում ասում են՝ մենք ունենք S-300 հակաօդային պաշտպանության համակարգ, սակայն, անգամ ամենաարդիական ամերիկյան հակաօդային համակարգերը չեն կարող «Իսկանդերը» հայտնաբերել: Այդ հրթիռը հետևում է թիրախին՝ փոխելով իր հետագիծը, և դա է ամենավտանգավորը», - ասում է ադրբեջանցի ռազմական փորձագետը:

«Ազատության» ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, Բաքվում դեռևս հակասական են կարծիքները, թե ի վերջո ում են պատկանում Երևանում ցուցադրված զինատեսակները, հատկապես՝ «Իսկանդեր» համալիրը: Փորձագետ Ուզեիր Ջաֆարլին հիշեցնում է Ռուսաստանի ու Հայաստանի միջև վերջերս ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը, կարծիք հայտնելով, թե «Իսկանդերը» իրականում Ռուսաստանինն է, և այդ համաձայնագրի շրջանակներում է ցուցադրվել Երևանում:

«Ադրբեջանը, սակայն, չպետք է մոռանա մի կարևոր հանգամանք. եթե Ռուսաստանը այդքան հեշտությամբ համաձայնեց ցուցադրել իր համալիրը հայաստանյան զորահանդեսին, ապա նույն հեշտությամբ էլ կհամաձայնի դրա կիրառմանը Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության ժամանակ», - ասել է Ջաֆարլին:

Ադրբեջանցի փորձագետները համոզված են՝ երկրի արտգործնախարարությունն այժմ պարտավոր է բացատրություններ պահանջել ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից:

«Իսկանդերը» հասարակ զինատեսակ չէ, այլ լուրջ զենք, որի թիրախում կարող է Բաքուն հայտնվել: Չեմ հասկանում՝ ինչից են այդքան վախեցած մեր դիվանագետները, չէ՞ որ Հայաստանն արդեն ի ցույց է դրել այդ զենքը, և հիմա ժամանակն է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պարզաբանի` երբ և ինչ հանգամանքներում է այն տրամադրվել: Հայաստանն էլ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին կոնվենցիայի պահանջներին համապատասխան պետք է հաշվետվութուն ներկայացնի, պաշտոնապես հավաստելով՝ տիրապետում է «Իսկանդեր» համալիրին, թե ոչ», - ասել է փորձագետ Ուզեիր Ջաֆարլին:

Պարզաբանումներից բացի, ըստ Թելման Էբիլովի, պաշտոնական Բաքուն պետք է նաև Ռուսաստանից երաշխիքներ ստանա, որ սեփական բանակն էլ կարող է այդպիսի համալիրի տեր դառնալ:

«Եթե անգամ Ադրբեջանը Իսրայելից ու մյուս երկրներից գնում է այլ զինատեսակներ, որ Ռուսաստանը չունի, այս մեկը պարտավոր է Մոսկվայից ձեռք բերել, այլ ելք չկա: Մենք պետք է ունենանք նման հզորության զենք: Որքան գիտեմ՝ հիմա բանակցություններ են տարվում Պակիստանի հետ, որը նմանատիպ հրթիռային համալիրներ է արտադրում: Եթե Ադրբեջանն էլ համանման զենք ձեռք բերի, Հայաստանը կհանդարտվի», - ասել է Էբիլովը:

Հայաստանում անցկացված զորահանդեսից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում բարձրագույն ղեկավար անձնակազմի խորհրդակցություն էր անցկացվել: Ըստ տեղական աղբյուրների, նախարար Զաքիր Հասանովը ադրբեջանական բանակին հանձնարարել էր ուժեղացնել «թշնամու ռազմավարական և ռազմական օբյեկտների նկատմամբ հսկողությունը»: Այլ պաշտոնյաներ ու քաղաքական ուժեր թեմային դեռ չեն արձագանքել:

Քաղաքագետ, Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը «Ազատության» հետ զրույցում ասել է՝ հայ-ռուսական այս գործարքի վերաբերյալ մի շարք մանրամասներ դեռ մութ են իրենց համար: «Անպատասխան մի շարք հացեր կան, նախ՝ ով է տվել այդ զենքը Հայաստանին, երբ և ինչ պայմաններով, ով է վճարել դրա համար: Իմ կարծիքով, այդ զենքերը իրականում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային են պատկանում, սակայն, դրանք հրապարակ հանելով, Հայաստանը փորձում է վախեցնել Ադրբեջանին, առավելություն ստանալ ապրիլյան պատերազմից հետո սկսված բանակցություններում՝ Ադրբեջանից կորզելով որոշ զիջումներ», - ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG