Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հովտամեջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ երեկ ժամը 2-ի սահմաններում երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով բաց դռնից ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակչուհու առանձնատուն, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը և ոտքերը, որպես զենք օգտագործվող առարկայի` երկաթյա լինգի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է նույն օրը՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Նախաքննության ընթացքում բնակչուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է կպչուն ժապավենը, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ», - փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: