Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ գնդապետ Բրյուս Մերֆին կշարունակի իր պաշտոնակիցների գործը` աշխատանքային փորձը ծառայեցնելով հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: