Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանն են անդրադարձել Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոն երեկ կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ռեժիբոն Մարգարյանին է հանձնել Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, որով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը:
Բելգիացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին՝ Բրյուսելը Երևանին կապող չվերթի բացման նախաձեռնության, Բելգիայի կառավարության տարբեր օղակների և «Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության հետ ինտենսիվ աշխատանքի համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը: