Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը տոնում է անկախության հռչակման 25-ամյակը


Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա
Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա

Լեռնային Ղարաբաղն այսօր նշում է անկախության հռչակման 25-ամյակը:

Ստեփանակերտում տոնական միջոցառումներ են անցկացվում, երեկ Ղարաբաղ է մեկնել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները:

«1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է», - ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք և դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝ արցախահայությունը», - իր ուղերձում գրում է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Դուք կռվեցիք և հաղթեցիք անհավասար պատերազմում: Դուք կառուցեցիք մի պետություն և հասարակություն, որն ազատ է ինչպես երբևէ: Դուք ստեղծեցիք բանակ, որն ամուր է և մարտունակ ինչպես երբևէ: Դուք ավերակներից բարձրացրիք մի երկրամաս, որ երբևէ այսքան խնամված ու գեղեցիկ չի եղել: Դուք ապացուցեցիք ինքներդ ձեզ, ողջ հայությանը և աշխարհին, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ»:

«Իհարկե, այդ ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել: Իհարկե, դեռ շատ անելիքներ ունենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Եվ իհարկե, անելու ենք մեր անելիքը: Անելու ենք համայն հայության ջանքերով: Անելու ենք ի հեճուկս բոլոր դժվարությունների և մարտահրավերների», - ընդգծում է Սերժ Սարգսյանը:

«Անցած ապրիլի ռազմական գործողությունները ևս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև դուք կաք, որովհետև դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա՛ ռազմական ճանապարհ: Կա քաղաքակա՛ն ճանապարհ», - ասված է ուղերձում:

«Այսօր՝ այս նվիրական օրը, կրկին ասում եմ ձեզ. ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը դո՛ւք եք որոշում ձեր ճակատագիրը: Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք», - հայտարարում է Հայաստանի նախագահը՝ ամփոփելով․ - «Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը: Կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: <...> Մեր ընտրած ուղին բարդ էր ու դժվարին: Արցախի ժողովրդի արդար և օրինական պահանջին Ադրբեջանը հակադարձեց բռնություններով ու կոտորածներով և սանձազերծեց արյունալի պատերազմ: Մենք ստիպված էինք զենք վերցնել և ամեն գնով պաշտպանել մեր նորանկախ պետության ազատությունն ու անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, մեր պատմական հողն ու իրավունքները»:

«Այդ ծանր օրերին, ինչպես նաև հետագա բոլոր տարիների ընթացքում Արցախի կողքին էին Մայր Հայաստանը և Սփյուռքը: Աշխարհասփյուռ հայության գործուն աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ մենք կարողացանք պատվով հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները, հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում և սկսեցինք շենացնել ու զորացնել բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախը, մեր Հայրենիքը», - ընդգծում է Լեռնային Ղարաբաղի նախագահն իր ուղերձում: - «Մեր կողքին էին նաև բարի ու ազնիվ շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, ում համար մարդասիրությունն ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Արցախի ժողովուրդը խորապես երախտապարտ է իր բոլոր բարեկամներին և բարձր է գնահատում նրանց ավանդը մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում»:

«Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը, և դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է», - ասված է Բակո Սահակյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG