Սեպտեմբերի 1-ը Հայաստանում Գիտելիքի և դպրության օրն է՝ երկրի ուսումնական հաստատություններում մեկնարկում է նոր ուսումնական տարին։
Օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա գիտակցումը կա: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ և նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: - «Մենք հետևողականորեն կատարելագործում ենք մեր կրթական համակարգը: Մենք նաև գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլև այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաև արագացնել կրթության զարգացման տեմպերը»:
«Մեր խնդիրն է նաև լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար: Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով», - ընդգծում է Սերժ Սարգսյանը:
Շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին: Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը դարձել է գրավականը ազգային մեր հարատևության», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ուղերձում:
«Կրթությունն ու իմացությունը Աստծուց տրված բարիք են, որպեսզի մարդը ճանաչելով իր Արարչին ու աշխարհը՝ ապահով ու երջանիկ դարձնի իր կյանքի ընթացքը», - իր ուղերձում նշում է Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ մաղթելով․ - «Թող Տիրոջ օրհնությամբ նոր ուսումնական տարին արգասավոր լինի առատ վաստակով՝ հանուն մեր հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով դպրոցականներին և ուսանողներին, իր ուղերձում, մասնավորապես, նշում է․ - «Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը: Այժմ բավարար չէ լինել պարզապես մասնագետ. կրթական ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Ակնկալում ենք, որ նոր ուսումնական տարին մեր ուսանողների համար կլինի մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի»:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: