Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը կարևորում է Բունդեսթագի պատգամավորների այցերը Ղարաբաղ


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը բարձր է գնահատել Վայլերի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում: Նա արժևորել է Ազգային ժողովի և Բունդեսթագի համագործակցությունն ու շփումների ակտիվացումը, ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Այս համատեքստում Սահակյանը կարևոր է համարել Բունդեսթագի պատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար: «Համոզված եմ, որ նման ոճրագործություններն ընդունելու և դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունն ապագայում»,- ասել է Սահակյանը:

Վայլերը հատկանշական է համարել իր այցը Հայաստան՝ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Բունդեսթագի պատգամավորը ևս կարևորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը, հարաբերությունների առավել խորացումը հատկապես տնտեսական ոլորտում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, որ Գերմանիան իր հերթին ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար:

Գալուստ Սահակյանը հայ-գերմանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալբերթ Վայլերին պարգևատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG