Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ զինծառայողները Բելառուսում մասնակցում են «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը


Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016 թվականի պլանի համաձայն ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում են օգոստոսի 23-27-ը Բելառուսում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, օգոստոսի 23-ին Բելառուսի զինված ուժերի համազորային զորավարժարանում տեղի է ունեցել «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Երկու փուլով անցկացվող զորավարժության ընթացքում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը խաղարկելու են Հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

Նախարարությունը նշում է, որ «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայողներ, 300 միավոր օդային և ցամաքային ռազմական տեխնիկա։

Զորավարժության գլխավոր խնդիրներից են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ուժերի միջև խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում փոխգործակցության և փոխըմբռնման ձևավորումն ու ամրապնդումը, համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացումը, փորձի փոխանակումը:

БЕЛТА լրատվական գործակալության փոխանցմամբ, Վալերի Սեմերիկովը հայտարարել է, մասնավորապես, որ այժմ ձևավորվում է մշտական պատրաստության ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում ՀԱՊԿ-ի ձևաչափում, որը պատրաստ կլինի խնդիրների իրականացման ՄԱԿ-ի չափանիշներին համապատասխան:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ից կմեկնարկեն զորավարժությանն ընդգրկված ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների համատեղ վարժանքները, որոնց ընթացքում կիրականացվեն խաղաղապահ առաքելությունների տարաբնույթ գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG