«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, մտահոգված լինելով Ոստիկանության պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներով, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է հուլիսի 26-ին իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները, որոնց հետևանքով ծանր վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Գևորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդի Արամ Մանուկյանը և իրավապահ մարմինների մեկ աշխատակից:
Կուսակցությունը համոզված է, որ «նման գործողությունները խորացնում են երկրում առկա թշնամության և անվստահության մթնոլորտը, և որ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր անձինք և ուժերը պետք է զերծ մնան թշնամության մթնոլորտը խորացնող հայտարարություններից և գործողություններից»:
ՔՊ-ն ակնկալում է, որ «Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռեր»-ի և իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի հանրության համար, և անընդունելի է համարում պետականության համար լրջագույն վտանգներ պարունակող իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ բանակցությունների բովանդակության չհանրայնացման պրակտիկան»:
Կուսակցությունը վերահաստատում է իր հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը և շարունակում է համոզված մնալ, որ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակը չունի ուժային լուծում և պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը վստահ է, որ երկրում հաստատված վստահության ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով: