«Հայկական վերածնունդ» կուսակցությունն (ՀՎԿ) ընդունելի չի համարում քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ քաղաքական միջոցների կիրառումը՝ առավել ևս, որ դրանք հանգեցնում են մարդկային կորուստների և ողբերգական հետևանքների: Այդ մասին ասված է հայտարարությունում, որը կուսակցության կառավարման խորհուրդը ընդունել է երեկ կայացած նիստի ժամանակ՝ քննարկելով զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ընդգծելով, որ «եկել է կանգ առնելու և Հայաստանում արմատական, շրջադարձային փոփոխություններ կատարելու ժամանակը, ինչը, նախևառաջ, պայմանավորված է իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորմամբ», կուսակցությունը միաժամանակ մերժում ու դատապարտում է երկուստեք բռնության ցանկացած դրսևորում:
ՀՎԿ-ն կոչ է անում իրավապահ մարմիններին հարգել քաղաքացիների օրինական իրավունքներն ու ազատությունները, անընդունելի համարելով ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ոչ համաչափ ուժի ցանկացած կիրառումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով առանձին քաղաքացիների հրահրիչ և սադրիչ գործողությունները:
«Հայկական վերածնունդ»-ը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի, կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, չտրվել սադրանքներին, խուսափել արյունահեղությունից՝ խնդիրը լուծելով բացառապես բանակցությունների միջոցով, որին իր ամբողջ ներուժը պատրաստ է ներդնել նաև ՀՎԿ-ն: