«Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը, հուլիսի 17-ի առավոտյան գրավել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց, հարձակման ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկու կողմից կային վիրավորներ:

ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբը պահանջում է ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի անդամների հետ:

Արյունահեղություն թույլ չտալու համար Խորենացի փողոցում՝ ոստիկանության կազմած արգելապատի մոտ, հուլիսի 18-ից ամեն երեկոյան ցուցարարներ են հավաքվում: Հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, ցուցարարները քարեր և պլաստիկե շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Միջադեպից որոշ ժամանակ անց ցուցարարները սկսեցին աղբամաններից բարիկադներ կառուցել՝ Խորենացի փողոցում և դրան զուգահեռ Տիգրան Մեծ պողոտայի մի մասում:

Հուլիսի 21-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել ներկաներին, այնուհետև քանդեցին բարիկադները և վերականգնեցին երթևեկությունը Տիգրան Մեծ պողոտայում, ինչպես նաև Քրիստափոր-Խորենացի փողոցների խաչմերուկում: