«Արմենպրես»-ը, հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը, հաղորդում է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայկական ընտանիքի չորս անդամների սպանության մասին:
Ըստ հաղորդման, Վաչիանիում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք՝ 5, 16 և 18 տարեկան անչափահաս երեխաների մարմինները: Նույն աղբյուրի հաղորդմամբ, ընտանիքի գլխավորը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունն էլ փոխանցում է ընտանիքի մերձավորների տեղեկությունները, ըստ որոնց, մինչ սպանելը ընտանիքի անդամներին տանջել են, ենթարկել կտտանքների: Ուշագրավ է, որ տան թանկարժեք իրերը չեն գողացել:
Նախնական տեղեկատվությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն երեկ` հուլիսի 11-ին են հայտնաբերել սպանվածների մարմինները: Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են կրիմինալիստները: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել կատարվածը: