Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների, և մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին և նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար: Նա կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաև ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի և երկրում բասկետբոլ մարզաձևի զարգացման հեռանկարի մասին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարևոր խթաններից մեկն է:

Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ նախագահին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG