Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար այսօր անցկացվող ընտրություններում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչները բարձրաձայնում են հնարավոր ընտրախախտումների մասին:
«Ազատության» հետ զրույցում ՔՊ ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ընտրողները նախքան թիվ 25/16 ընտրատեղամաս գալը մտնում են դիմացի շենք, այնուհետև գալիս են ընտրելու, ինչը կասկածների տեղիք է տալիս:
Բացի այդ, թիվ 25/04 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը պնդեց, որ գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արամ Դանիելյանի վստահված անձը ցուցումներ է տալիս ընտրահանձնաժողովի անդամներին:
Չնայած բազմաթիվ փորձերին` «Ազատությանը» չհաջողվեց ընդդիմադիրների այս պնդումների կապակցությամբ պարզաբանումներ ստանալ Արամ Դանիելյանի շտաբից:
Հրազդանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար այսօր անցկացվող ընտրություններում պայքարում են գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արամ Դանիելյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը: