Մատչելիության հղումներ

ՀՔԾ. ՔԿ ծառայողը կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայող Ռոբերտ Մովսիսյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում։

Ըստ ծառայության, մասնավորապես՝ 2010 թվականի ընթացքում արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի աշխատակից Ռոբերտ Մովսիսյանը տեղեկացել է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 2008 թվականի սեպտեմբերի 17-ից դատարանի դատավճռով 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և 2010 թվականին արդեն նշանակված պատիժը կրող դատապարտյալ Նիկոլայ Թորոսյանի ծնողները ցանկանում են օրինական ճանապարհով հասնել իրենց որդու` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծմանը:

«Ռոբերտ Մովսիսյանը փաստաբանների միջոցով դատական կարգով այդ հարցը լուծելու պատրվակով, Թորոսյանի ծնողների` Վարդան և Մարինե Թորոսյանների վստահությունը չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2010 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում՝ տարբեր օրերի, վերջիններիցս խաբեությամբ մաս-մաս ստացել է իբր դատապարտյալի ազատման հարցի լուծման համար անհրաժեշտ 9 միլիոն 492 հազար 565 դրամին համարժեք 26 հազար 500 դոլար գումար: Ռոբերտ Մովսիսյանը Նիկոլայ Թորոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով որևէ գործողություն չի ձեռնարկել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 26 հազար 500 դոլար գումարը», - ասված է հաղորդագրությունում։

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու հանցավոր արարքի համար Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG