Ամերիկյան դիվանագիտության 60 վետերաններ՝ Հանրապետական կուսակցությունից, հայտարարել են, որ դեմ են հանդես գալու Դոնալդ Թրամփի թեկնածությանը, քանի որ նրա քաղաքական առաջարկությունները կարող են խարխլել ԱՄՆ-ի անվտանգությունը:
Մարտի 3-ին հրապարակած «Պատերազմ ժայռերի վրա» վերտառությամբ նամակում նշանավոր հանրապետականները, որոնց թվում են Համաշխարհային բանկի նախկին նախագահ Ռոբերտ Զելիկը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսը և Քոլին Փաուելը, ներքին անվտանգության նախկին նախարար Մայքլ Չերթոֆը, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին, անընդունելի են համարում Թրամփի հակաիսլամական հայտարարությունները, Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանային պատ կառուցելու առաջարկությունը և այլ պնդումներ:
«Մենք որպես գաղափարակիր և հավատարիմ հանրապետականներ պարտավորվում ենք ջանքեր գործադրել՝ կանխելու այդ պաշտոնի համար ցանկացած նմանօրինակ ակնհայտորեն ոչ պիտանի անձի ընտրությունը», - ասվում է նամակում, որի հեղինակներն ընդգծում են Թրամփի պոտենցիալ վտանգը Միացյալ Նահանգների միջազգային հեղինակության համար:
Նամակը հրապարակվել է «սուպեր երեքշաբթիի» քվեարկության արդյունքներով յոթ նահանգներում Թրամփի համոզիչ հաղթանակից հետո և, ըստ փորձագետների, վկայում է նրա թեկնածության հարցով Հանրապետական կուսակցությունում խորը պառակտման մասին:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի նոյեմբերի 8-ին: